Ադրբեջանը կարող է Ղարաբաղում նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտվել հնարավոր սրացումից: NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Բաքուն միշտ արձագանքել է Հայաստանում եւ Ղարաբաղում այս կամ այն իրադարձություններին, այդ թվում  տարբեր երկրների եւ կազմակերպությունների ղեկավարների այցին տարածաշրջան, ինչպես նաեւ այլ իրադարձություններին:

«Այժմ մենք տեսնում ենք այդ միտման խախտումը, քանի որ իրավիճակը մի փոքր այլ է: Ամեն ինչ կախված է ոչ միայն նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Ղարաբաղում,մ այլեւ նրանից, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում», - նշեց նա:

Իսկանդարյանը ընդգծեց, որ Ղարաբաղում նախընտրական մրցապայքարն արդեն սկսվել է, թեեւ ոչ պաշտոնապես, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստվում են մասնակցել եւ կա մրցակցություն , իսկ նախագահական ընտրությունների նախաբանը կդառնան տեղական ընտրությունները, մասնավորապես Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, որոնք կանցկացվեն աշնանը:

«Պետք է հուսալ, որ ընտրությունների եւ քաղաքական պայքարի հետ կապված ներքին հակասությունների շրջանը խաղաղ կանցնի», - հավելեց նա:

Փորձագետը նշեց, որ Ղարաբաղը եւ Հայաստանը սերտորեն կապված են, սակայն կարծում է, որ  Ղարաբաղում որեւէ ուժին Երեւանի իշխանությունների կողմից  հստակ աջակցություն չկա:

«Տեսականորեն հնարավոր է նաեւ այդ: Ամենայն հավանականությամբ, ուղղակի ազդեցություն չի լինի, սակայն Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ ամուր  կապեր կան հասարակության առանձին շերտերի, հասարակական, գիտական եւ քաղաքական շրջանակների միջեւ: Հետեւաբար, չի կարելի ասել, որ Հայաստանը կտրվելու է Ղարաբաղի իրադարձություններից », - եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Ղարաբաղում կանցկացվեն նախագահական ընտրություններ: