Սեւանի ափի առանձնատերերերի սեփականատերերն իրենք պետք է քանդեն իրենց շինությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, բոլորն ապօրինի են: Քանդելու հետ կապված՝ ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք եւ կառավարությանը տվել 1 քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են եւ ներկայացված են վարչապետի աշխատակազմ:

Նախարարը հայտնեց, որ այս տարի ստեղծվել է հանձնաժողով , որը վարձակալության ենթակա բոլոր տարածքները ուսումնասիրել է եւ հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կամ վարձակալությունը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում. «Մոտ 500 հա ափամերձ տարածքների մասին է խոսքը: Ամբողջը վերլուծվել եւ ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, որի կողմից էլ հանձնարարվել է կադաստր, նախարարություն, որպեսզի ամեն մեկն իր մասով գործառույթներ անի։ Նշված նիշից ցածր որեւէ օրինական շինություն չկա, եւ չքանդելու հետ կապված որեւէ խոչընդոտող եւ կաշկանդող բան չկա»։