ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պետ, գեներալ Քեննեթ Մքքենզին հայտարարել է, որ բանակցություններ է վարում այլ երկրների հետ՝ Պարսից ծոցում նավավարության ազատության մասին, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Նահանգներն ուժգնացրել է Մերձավոր Արեւելքում իր ռազմական ներկայությունը՝ Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքների պատճառով, եւ դաշնակիցներին խնդրում է օգնել պաշտպանել Պարսից ծոցում ռազմավարական ջրերը նավթային լցանավերի վրա հարձակումից հետո:

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում միջազգային հանրության հետ՝ Մերձավոր Արեւելքում նավավարության ազատության մասին: Մենք այդ հարցով զբաղվում ենք արդեն մի քանի տարի եւ մեծ հաջողությունների ենք հասել՝ չնայած որոշակի վնասին, որը հասցվել է քաղաքացիական տրանսպորտին: Չենք կարծում, թե Իրանի հետ պատերազմն անխուսափելի է, մենք փորձում ենք զսպել Իրանին տարածաշրջանում ապակայունացումից եւ չարամիտ գործողություններից»,- ասել է Մքքենզին:

Հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիան կմասնակցի ծովում անվտանգության հարցով ենթադրյալ միջազգային կոալիցիային, գեներալը պատասխանել է, որ կոալիցիան կշարունակի ուղեկցել կարմիր ծովում նավերը: