Բնակչության տարբեր շերտերի դժգոհությունը Հայաստանում սովորական է դարձել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով իրավիճակն Իջեւանում։

Պատգամավորը նշել է, որ հանրապետությունում օր չկա, որ որեւէ մեկն ինչ-որ տեղ չորոշի փակել հանրապետական նշանակության ճանապարհ։ «Այս ամենը մի ընդհանուր քաղաքական գնահատական ունի, որը հանգում է նրան, որ իշխանությունը, փաստորեն, ի վիճակի չէ ապահովել նախկինում տված խոստումները բարեկեցիկ կյանքի մասին։ Բայց ես ձեռնպահ եմ մնում որեւէ քաղաքական գնահատական տալուց, քանի որ Իջեւանի խնդիրը բացառապես իրավական հարթությունում է, իսկ իրավական հարթությունում քաղաքական գնահատականները լավագույն դեպքում տրվում են միայն իրավականների հնչեցումից հետո»,- ասել է խորհրդարանականը։

Միեւնույն ժամանակ, Պետրոսյանը նշել է, որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք իշխանության կողմից կլինեն եւ կհայտարարեն, որ մի տարին չափազանց քիչ է իրական բարեփոխումների իրականացման համար։ «Իհարկե, այդ ընթացքում չէր կարելի լուծել բոլոր խնդիրները, բայց շատ հարցեր կարելի էր լուծել ոչ միայն այդ ընթացքում, այլեւ շատ ավելի վաղ, ինչն այդպես էլ չի արվել»,- ընդգծել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը։

Պատգամավորը հիշեցրել է, որ գործող իշխանությունները շատ բան են խոստացել քաղաքացիներին, բայց չեն նշել իրենց խոստումների կատարման կոնկրետ ժամկետներ։ «Հիմա թող բարի լինեն իրականացնել իրենց բոլոր խոստումները խելամիտ ժամկետներում։ Որովհետեւ եթե նրանք իշխանության են եկել եւ երկու-երեք տարում ոչ մի լուրջ տեղաշարժ գրանցված չլինի, ուրեմն ստացվում է, որ տված խոստումների կատարման խելամիտ հավանականությունը հաջորդ ընտրություններում կասկածի տակ կդրվի»,- ընդգծել է պատգամավորը։

Գեւորգ Պետրոսյանը համոզված է, որ ոստիկանությունն իրավունք ունի եւ պետք է գործի բացառապես օրենքի եւ Սահմանադրության շրջանակում, եւ եթե նրա աշխատակցի հանդեպ ուժ է կիրառվել, ապա մեղավորն անպայման պետք է պատիժ կրի։ «Այդ հարցը գտնվում է իրավական կարգավորման շրջանակում, եւ ես, քանի որ անձամբ չեմ մասնակցել Իջեւանի վերջին միջադեպերին, չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ ոստիկանության գործողություններին»,- ամփոփել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, եւ ոստիկանության միջեւ հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել նրանց։ Նրանք պահանջում են իջեցնել անտառահատման թույլտվության սակագինը։ Բախումների փաստով հարուցվել է քրեական գործ, 13 մարդ կալանվել է։