Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Ուրախ եւ հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք եւ հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի եւ Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ եւ նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետեւում են նաեւ Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգեւորություն եւ ապագայի նկատմամբ հավատ:

Տիկին Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում եւ պատմել Ավստրալիայի հայ համանքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: