Փաստաբանների միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը խաթարվում է հազարավոր դատավորների եւ դատախազների պարբերական ազատումներով կամ բանտարկմամբ, գրում է The Guardian-ը:

2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից սկսված պաշտոնատար անձանց զտումը հանգեցրել է նրան, որ կասկածյալները ահաբեկչության համար դատապարտվել են առանց ստույգ ապացույցների:

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին ուղղված 25 էջանոց փաստաթուղթը անհապաղ գործողությունների կոչ է անում՝ Թուրքիայում իրավաբանական մասնագիտության ներկայացուցիչների պարբերական եւ համատարած հետապնդման պատճառով:

Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն մտավախություններ են եղել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մինչեւ հեղաշրջման փորձը, սակայն այդ ժամանակվանից  դատական իշխանության անկախությունը խախտվել է կամայական կալանավորումների, ձերբակալությունների եւ փաստաբաների հետապնդումների արդյունքում:

Ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է 4260 դատավոր եւ դատախազ:

Դրանցից 634-ը դատապարտվել են ահաբեկչության մեղադրանքներով: Եւս 1546 փաստաբաններ քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ 311-ը ընդհանուր առմամբ դատապարտվել են 1967 տարվա ազատազրկման:

Անգլիայի եւ Ուելսի Իրավաբանական ընկերության նախագահ Սայմոն Դեւիսն ասել է, որ դատավորների եւ դատախազների անկախությունը Թուրքիայում պարբերաբար խափանվում է 2016-ին չհաջողված պետական հեղաշրջումից հետո։ «Գործող իրավաբանները տեղեկացնում են ահաբեկումների եւ սպառնալիքների մասին։ Այս սպառնալի իրավիճակը խափանում է յուրաքանչյուր քաղաքացու իրավաբանական ներկայացուցչություն եւ արդար դատավարություն ունենալու իրավունքը, ինչը կարող է բացատրել, թե ինչու են Թուրքիայի քաղաքացիներն ավելի քան 57 հազար խնդրագիր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2017 թվականին»։

Մոտ 500 վարչական աշխատակիցներ, որոնք աշխատում են Թուրքիայի Գերագույն դատարանում, Պետական խորհրդում, Հաշվիչ պալատում եւ Դատավորների ու դատախազների խորհրդում, նույնպես ազատվել են, եւ միայն ութն են վերականգնվել իրենց պաշտոններում։
Հաշվետվությունում, որն ուղարկվել է ՄԱԿ, ասվում է. «Բազմաթիվ օրենսդրական եւ սահմանադրական լրացումները Թուրքիայի կառավարությանն աննախադեպ վերահսկողություն են տրամադրել դատական եւ դատախազական իշխանությունների հանդեպ՝ դրանով իսկ խափանելով դատական եւ դատախազական իշխանության անկախությունը, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը։

Այդ լրացումներն օգտագործվել են իրավաբաններին հետապնդելու նպատակով, ոչ միայն անհամաձայններին ճնշելու, այլ նաեւ իրավաբանների կատարած աշխատանքի սահմանափակման եւ քրեականացման համար՝ իրենց իսկ մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Պետական հեղաշրջումից հետո 24 ժամվա ընթացքում 2740 դատավորներ եւ դատախազներ հեռացվել են պաշտոններից՝ իսլամ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապ ունենալու պատճառով։