«Շերեմետեւո» օդանավակայանում «Մոսկվա-Երեւան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղեւորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին եւ 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղեւորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երեւան։ 19 ուղեւոր հրաժարվել է թռիչքից»,-ասել են դեսպանատնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օդանավն այս գիշեր ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով, սրահում օտար հոտ է տարածվել: ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդանոց:

Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել: