Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի շրջանակներում թուրքական ոստիկանությունը TRT հեռուստաընկերության մի շարք աշխատակիցների դեմ գործողություններ է իրականացնում։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝  թուրքական ոստիկանությունը լրատվական գործակալությունների եթերները ուսումնասիրելու ժամանակ նկատել է, որ իրենից կարեւորություն չներկայացնող ցուցահանդեսին ներկա է եղել TRT–ի թիմը, որն էլ սպանությունից հետո արագ կազմակերպել է սպանության պահը ֆիքսող տեսանյութի տարածումը։

Ոստիկանությունը երկար ուսումնասիրություններից հետո պարզել է, որ կոնկրետ հրահանգ է եղել, որ լրագրողները ներկա լինեն այն ցուցահանդեսին, որի բացմանը մասնակցել է արդեն սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովը։ Պարզվել է նաեւ, որ TRT–ում հրահանգել է մի քանի օր ռեպորտաժների գլխավոր կետը դարձնել Անդրեյ Կառլովի սպանությունը։

Այս համատեքստում ոստիկանները հուլիսի 18–ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել TRT–ի 6 աշխատակիցների տներում եւ ձերբակալել  նրանց։

Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19–ին, մի ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Անկարայում ՌԴ դեսպանը։ Թուրքական ոստիկանությունը սպանության պատվիրատուներին համարում է գյուլենական շարժման անդամներին։ Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է։