Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ հուլիսի 19-ի գիշերը Նոր Արեշի տներից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ եւ հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել եւ մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տանը տեղի է ունեցել դանակահարություն:

Եվս հինգ րոպե անց նույն բժշկական կենտրոնից նոր հաղորդում է ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեից, իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա կնոջ դիակ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան խոհանոցային դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել մորն ու հորը, հետո վնասել է ինքն իրեն եւ դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել տղային եւ ժամը 04.55-ին նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «պարանոցի կտրած-ծակած վերքեր»:

Դեպքի վայրի զննությանբ հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: