«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում տեղի կունենան «կայծակնային ռաունդներ» (ճեպաքննարկումներ), որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները եւ գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադրամներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնելու իրենց գաղափարները, ներդրումներ ներգրավելու դրանց իրագործման համար։ Գաղափարները կգնահատի եւ 15 լավագույնները կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։ «Իրենց շանսն օգտագործելու համար հայաստանցի եւ արտերկրյա ստարտափերներն արդեն կարող են գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում»,- այս մասին հայտարարել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հայաստանցի եւ եվրոպացի լրագրողների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է «WCIT 2019»-ի կազմակերպման ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական թեմաները։ ՏՏ աշխարհի առաջատարներ ու նորարարներ, գլոբալ քաղաքականության առաջնորդներ, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներ, խոշոր ներդրողներ հոկտեմբերի 6-9-ին երեւանյան զրույցների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սեւ կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձեւվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքա՞ն «կանաչ» է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» եւ այլ թեմաներով։

Օրակարգի թեմաները մշակում է միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված ավագ խորհրդատվական կոմիտեն։

«WCIT 2019»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող ՏՀՏ նախարարների կլոր սեղան-քննարկման թեման թվային զարգացումների կարգավորման մեխանիզմերն ու լավագույն փորձն է։

Մեկ այլ կլոր սեղանի շուրջ «խելացի» քաղաքների քաղաքապետերը կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա եւ բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետեւողական ջանքեր են ներդրվում ոլորտում ստարտափների խթանման, բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, այդ թվում՝ աշխարհում ճանաչված Picsart-ը, Renderforest-ը, Betconstruct-ը, Joomag–ը եւ այլն։ ՏՏ արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ եւ Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա եւ այլն։

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։