ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոքի քննությունը։ NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մեղադրող դատախազները չեն ներկայացել դատարան։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ և որ դատախազներն էլ են տեղյակ եղել նիստի մասին։ Ըստ նրա՝ դատախազների կողմից գործը ձգձգելու միտում կա։ «Կարծում եմ՝ այս ամենը միտումնավոր են անում՝ նիստը ձգձգելու համար»,–ասաց նա։

Այսպիսով դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը և նշանակվեց հուլիսի 24-ին ժամը 12:00–ին։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։

Դատախազությունը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ 
Արգելանք էր դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով  հանվել էր:

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։