NordWind ավիաընկերության ուղեւորները, որոնք Շերեմետեւոյում միջադեպից հետո պահեստային ինքնաթիռով ժամանել են Երեւան, պատմել են, թե ինչ է տեղի ունեցել օդանավում ծխի եւ տարհանման ժամանակ, տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ-ն։

Ուղեւորուհիներից մեկի խոսքով՝ նա տարօրինակ հոտն զգացել է անմիջապես, հենց նստել է ինքնաթիռ։ Կինը հավաստիացնում է, որ կրտսեր ուղեկցորդուհին նույնպես ուշադրություն է դարձրել դրան եւ այդ մասին տեղեկացրել է ավագին։ «Ինքնաթիռում կրակ չկար, բայց ամեն բան ծխի մեջ էր, եւ ահավոր հոտ կար։ Հոտը կար ամենասկզբից։ Երիտասարդ ուղեկցորդուհին նկատեց դա եւ նախազգուշացրեց ավագին իր կասկածների մասին։ Հետո, երբ միացրին շարժիչները, ամեն ինչ պարուրվեց ծխով։ Բայց շնորհակալություն օդանավի կապիտանին, նա անմիջապես առջեւի կանգնակները իջեցրեց գետնին եւ կտրուկ արգելակեց։ Հետո բացեցին սանդուղքները, մենք դուրս թռանք»,- ասել է նա։

Եվս մեկ ուղեւոր նույնպես նշել է, որ հոտը կար սկզբից, բայց ոչ այդքան ուժեղ։ Թռիչքի պահին արդեն ծխի մեջ էր ամբողջ սրահը։ «Հոտը սկզբից այդքան ուժեղ չէր, բայց հետո, երբ սկսեցինք թռչել, սրահում ծուխ հայտնվեց, եւ մեկ մետրի վրա ոչինչ չէր երեւում։ Ուժեղ խուճապ սկսվեց։ Պապս թեւի հատվածից դուրս եկավ, ընկավ եւ կոտրեց ոտքը»,- ասել է նա։

Եւս մեկ կնոջ խոսքով՝ միջադեպի պահին ահավոր էր, հատկապես երեխաների համար, որոնք ինքնաթիռում էին։ «Մենք նոր պիտի օդ բարձրանայինք, հենց սկսվեց ծուխը։ Ահավոր էր, երեխաս վախեցել էր։ Բայց ուղեկցորդուհիները լավ էին աշխատում»,- ասել է կինը։

Ինչպես նշում է «ԿՊ»-ն, պապին, որը փրկում էր թոռնուհուն, արդեն տուն են ուղարկել։ Հիվանդանոցում մնում է մի կին՝ շաքարային դիաբետով։

Ինքը՝ տուժած թոշակառուն, պատմել է, որ վախեցել է եւ, իհարկե, առաջին հերթին փորձել է փրկել թոռնուհուն։ «Ահավոր էր, բայց խուճապ չկար։ Ծուխ էր, եւ ինքնաթիռը կանգ առավ։ Այն, կարելի է ասել, արդեն թռչում էր։ Իսկ հետո ուղեկցորդուհիները սկսեցին հանգստացնել՝ ասելով, որ մենք չենք այրվում»,- պատմել է նա։

ՌԵՆ ՏՎ-ն հրապարակել է Շերեմետեւո օդանավակայանում ծխով լցված ինքնաթիռի տուժածների ցուցակը. Մելսիկ Ն., Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։

Փչովի սանդուղքով անհաջող տարհանման հետեւանքով տուժել է ութ մարդ, եւս երեք տուժածի անունները ճշտվում են։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ NordWind ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթը պետք է կատարեր թռիչք 00.45-ին, բայց սրահում աշխատել են ծխի ցուցիչները, եւ անձնակազմը որոշեց տարհանել ուղեւորներին։ Տարհանումը կատարվել է արագ, բայց որոշ ուղեւորներ ստացել են վնասվածքներ, երկուսը հոսպիտալացվել են։

Ինքնաթիռում 179 մարդ է եղել։ Միջադեպից հետո 28 մարդ հրաժարվել է թռչել պահեստային ինքնաթիռով։