Կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորեմ դատարանների անկախությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռոբեն Վարդազարյանը։

Լրագրողները հիշեցրեցին Դատավորների ընդհանուր ժողովի նախկինում արված այն հայտարարությունն՝ ըստ որի ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների անկախությունը եւ հետաքրքվեցին, արդյոք ԲԴԽ նախագահ ընտրվելով այսուհետ կերաշխավորի դատարանների անկախությունը.

«Իմ համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված եւ հասկանալի: Դրանով իսկ կապահովվի դատավորների անկախությունը»:

Վարդազարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունները վեթինգ իրականացնելու հարցում հետ քայլ են կատարել: «Միգուցե ակցենտները փոխվեցին, միգուցե վեթինգ անվանունով չէ այդ գործառույթը լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա դատավորների գործունեությունը եւ հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ այդ թվում նաեւ եկամուտների եւ գույքի հայտարարագրումը»:

Վարդազարյանը զերծ մնաց կարծիք հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում: Նա նշեց, որ ծանոթացել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակին, բայց զերծ մնալու առայժմ դրա վերաբրեյալ կարծիք հայտնելուց:

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ անդամ է ընտրվել հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին, ստանալով ամենից շատ քվեն։ Իսկ այսօր՝ հուլիսի 19-ին 8 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ դատավորների կազմից։