Քաղաքական գործիչների հասցեին կոշտ դիրքորոշումը նորմալ համաշխարհային պրակտիկա է: Հուլիսի 19-ին «Բռնության եւ ատելության խոսք» թեմայով քննարկմանն այս մասին ասաց   «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ իհարկե պետք է պահպանել քննադատության եւ խոսքի ազատության միջեւ հավասարակշռությունը, սակայն քաղաքական գործիչների հասցեին ավելի կոշտ քննադատությունը կապված է նրա հետ, որ նրանք ընդունելու են որոշումներ, որոնք հետեւանքներ կունենան ողջ հասարակության համար:

«Սա է պատճառը, որ լրագրողների նկատմամբ դատական գործերի մեծ մասն ավարտվում է լրագրողների օգտին», - ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը հավելեց, որ հասարակությունում հանդուրժողական մթնոլորտի ստեղծման համար անհրաժեշտ է աշխատել օրենսդրական կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ քաղաքացիներին կրթելու ուղղությամբ: