ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ հուլիսի 19-ին հանդիպել է թեթեւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը:

Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման օրակարգում էին նաեւ արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։ Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առեւտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման եւ մշակման խնդիրներին, մասնավորապես՝ հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաեւ գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացմանը։

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել ոլորտի առաջարկները մեկ փաստաթղթում՝ հետամուտ լինելով դրանցում ամրագրված կետերի իրականացմանը։