Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում դատական համակարգի անկախության, դատավորների կողմից «տեր փնտրելու» հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

 «Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ»,–ասաց նա։

Լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ մայսիսի 20–ի հայտնի հայտարարությունից հետո նա միակ դատավորն է եղել, որ ասել է պատրաստ է հրաժարական տալ, ապա հետաքրքրվեցին, թե այդ ժամանակ ունե՞ր հեռահար նպատակներ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։

 «Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի՝ ինձ քվե կտա՞ն, թե՝ ոչ: Ես շատ հպարտ եմ, որ իմ կոլագենրը ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար»,- պատասխանեց Վարդազարյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում, խոսելով դատական համակարգի անկախության մասին, հայտարարեց. «Մեր խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ: Վարչապետ ընտրվելուց հետո ես ասել եմ, որ դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, պետք է լինի դատական համակարգի անկախություն, բայց մի տարի հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում ու ման է գալիս՝ ո՞վ կարող է տեր դառնալ իրեն: Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են գնում տեր փնտրում՝ մենք անտեր ենք, սովորել ենք, որ մեր գլխին տեր լինի, փետով մեր գլխին տա, երբ որ մեր գլխին փետով չի տալիս, մենք մեզ անտեր ենք զգում…Այսպիսի դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»: