Հուլիսի 9-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նույն օրը Քաջազնունի փողոցում գործող սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, այնուհետեւ ժամը 22.05-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նար-Դոսի փողոցի 18-ամյա բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, նշված սուպերմարկետի մոտ անհայտ անձը, վիճաբանության ժամանակ, սուր-կտորղ-ծակող գործիքով հարվածել է երիտասարդին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է մահականման առարկա եւ ծալովի դանակ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցնողը Աշտարակ քաղաքի 18-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հոլիսի 18-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Կատարվում է քննություն: