«Մալահի» սպիտակ եւ կարմիր գինիների մեջ մենք կարողացել ենք համատեղել հայկական գինու նրբությունն ու ֆրանսիականի համարձակությունը, եւ ավելացնել հայկական արվեստի մասնիկները: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը «Մալահի» սպիտակ եւ կարմիր գինիների շնորհանդեսից հետո:

«1947 թվականին տեղական հայկական սեւ խաղողի «Մալահի» տեսակը վերանվանվել եւ դարձել էր սեւ «Արենի», սակայն նախկին անվանումը մինչ օրս առաջացնում է թրթիռ եւ խորը հույզեր: Այդ խաղողից ստացված գինու մեջ համատեղված են երկու զուգահեռ աշխարհներ: Մեկում՝ խաղաղասիրությունը, նրբությունը եւ «Արենիի» տարիների կուտակած իմաստությունն է, մյուսում՝ համարձակ, անհամբեր, կծվությամբ առանձնացող «Մալբեքն» ու «Խնդողնին»:

Ինչ վերաբերում է սպիտակ «Մալահի»-ին, դրանում միահյուսված են «Ոսկահետն» ու «Արենին» իրենց հրաշալի համերով, եւ «Ալիգոտեն» մարգագետինների աշնանային բուրմունքով:

«Այս գինիների կարեւոր առանձնահատկությունն այն է, որ պիտակներին պատկերված կլինեն ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները, ինչը միմյանց կմոտեցնի գինին եւ արվեստը»,-հայտարարել է նա:

Ավագ Հարությունյանը հավելել է, որ գինիներն արտադրվում են Վայոց ձորի մարզի գործարաններում, բացի այդ, կառուցվում է արտադրամաս նաեւ Երեւանում:

 «Արտադրանքն արտահանվում է Չինաստան, Չեխիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Լեհաստան»,-ընդգծել է Հարությունյանը: