Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները կապված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող այս գործողությունները կապված են պարոն Քոչարյանի գործի հետ, որեւէ կասկած առաջացնել չի կարող: Տեսեք՝ փետրվար ամսին եղել է մի քաղաքացուց հաղորդում հանցագործության մասին, էդ քաղաքացուց բոլոր նյութերը հավաքվել է, եւ էդքանից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, որից հետո դատախազությունում քրգործի հարուցումը մերժվել է: Էդ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ նոր, դատախազությանը անհայտ հանգամանքներ առաջ եկան, որ այն բանից հետո, երբ դատավոր Գրիգորյանը ազատ արձակեց պարոն Քոչարյանին, հանկարծ այդ քրեական գործը հարուցելու մասին որոշումը վերացվեց եւ այդ հաղորդման հիման վրա Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում սկսվեց»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է սկսվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ, ինչը դատախազությունը չի ունեցել:

«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս հարվածը մեսիջ է մյուս դատավորներին, բոլոր դատավորներին ասվում է, բաց տեքստով է ասվում` չհամարձակվեք պարոն Քոչարյանի նկատմամբ կայացնել որոշում պարոն Քոչարյանի օգտին, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում, սրանից ավելի պարզ մեսիջ հնարավոր չէ որեւէ մեկին հղել»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում հուլիսի 16–ին խուզարկություն է իրականացվել մի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն, բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։