Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը գերազանցել է հրեական պետության հիմնադիր հոր՝ Դավիթ Բեն-Գուրիոնի ռեկորդը վարչապետի աթոռին գտնվելու ժամկետով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Times of Israel-ին։

69-ամյա Նեթանյահուն Իսրայելի անփոփոխ վարչապետն է 2009 թվականի մարտի 31-ից։ Մինչ այդ նա գլխավորել է երկրի կառավարությունը 1996-1999 թվականներին։ Հուլիսի 20-ի դրությամբ նա վարչապետի պաշտոնն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 4876 օր կամ ավելի քան 13 տարի, ինչը նոր ռեկորդ է, գրում է թերթը։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները երկրում նշանակված են սեպտեմբերի 17-ին։ Դրանք առաջին կրկնակի ընտրություններն են արդի Իսրայելի պատմության մեջ, ինչը պայմանավորված է նրանով, որ Նեթանյահուն չի կարողացել ձեւավորել կայուն կառավարական կոալիցիա նախորդ ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են ապրիլին։