ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ  ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանգահարել է եւ հայտնել, որ որդին դանակով սպառնում է իրեն: Նույն օրը Ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում դանակահարություն է եղել: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, համաձայն որի՝  կտրած- ծակած վերքերով  իրենց մոտ է  տեղափոխվել երկու անձ՝ 1960թ. ծնված տղամարդ եւ 1958թ. ծնված կին, ինչպես նաեւ՝ 1992թ. ծնված երիտասարդ, ով հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը եւ մեծաթիվ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու վերաբերյալ: 60-ամյա կինը եւ 59-ամյա տղամարդը ճանաչվել են տուժող:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձինք ընտանիքի անդամներ են:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, Երեւան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մորը՝ ծնված 1958թ., ապա նաեւ՝ հորը՝ ծնված 1960թ., որից հետո կատարել է ինքնավնասում: Ստացած մարմնական վնասվածքներից 60-ամյա կինը մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դիակի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները:

1992 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է՝ ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: