Հնդկաստանում ամբոխը դաժան հաշվեհարդար է տեսել տղամարդու հետ, որը մեղադրվում էր սիրամարգերի սպանության մեջ, տեղեկացնում է NDTV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա-Փրադեշ նահանգի Լասուդիա-Աթրի գյուղում։ Զոհին, որին ճանաչել են որպես Հիրալալ Բանչադու, թողել են, որ մահանա ծանր վերքերից։ Տղամարդը հոսպիտալացվել է, բայց հետո նա մահացել է։

Նշվում է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվում է 10 մարդ, որոնցից 9-ը արդեն ձերբակալվել է։ Նշվում է, որ զոհի մոտ գտնվել է 4 սպանված սիրամարգ։

Այս ցնցող միջադեպը տեղի է ունեցել այն բանից երեք օր հետո, երբ երեք տղամարդու դաժանաբար ծեծել էին այծ գողանալու համար։

Սիրամարգերի որսը եւ դրանց սպանությունը արգելված են Հնդկաստանում օրենսդրական մակարդակով։ Այս հանցագործության կատարման համար նախատեսվում է 7 տարվա բանտարկություն։