Էրբիլի (Իրաքի հյուիսում Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքը) անվտանգության վարչությունը շաբաթ տեղեկացրել է այն անձանց կալանման մասին, որոնք հարձակում են գործել թուրքական հյուպատոսության աշխատակիցների վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu-ին։

Նրա տվյալներով՝ գրոհը դիվանագետների վրա կատարել է չորս մարդ։ Այլ մանրամասներ չեն նշվում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ զինված հարձակումը թուրքական հյուպատոսության աշխատակիցների վրա տեղի է ունեցել հուլիսի 17-ին, Էրբիլի ռեստորաններից մեկում։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողները երկուսն էին։ Գրոհի հետեւանքով զոհվել է գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակից։