Ուկրաինայում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին պարեկություն կանի ավիացիան՝ ՆԳՆ աջակցությամբ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության հաղորդմամբ՝ ՆԳՆ ավիացիոն անվտանգության միասնական համակարգի կազմում կներառվեն տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ: Ստորաբաժանումները կապահովեն երկրի տարբեր շրջաններում ընտրական գործընթացի ցանկացած խախտման արագ արձագանքումը:

Այսօր անձնակազմին առաջին հրահանգումներն են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Յարովոյը, Ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազեւն ու Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը:

Յարովոյի խոսքով՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը որոշում է ընդունել ընտրությունների ժամանակ կարգուկանոնի ապահովման համար ՆԳՆ աջակցությամբ ավիացիայի պարեկության մասին:  

Նա նշել է, որ ստորաբաժանումներն արդեն հաջողությամբ իրականացրել են իրենց առջեւ դրված տարբեր աստիճանի բարդության խնդիրները տարբեր իրավիճակներում եւ հանգամանքներում:

«Ընտրախախտումներին, իրավիճակի ապակայունացմանը, սադրանքներին մեր արձագանքն ակնթարթային կլինի»,- ընգծել է Յարովոյը: