Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին:Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Նյու Յորքում հանդիպել էի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:

Ասել եմ, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։

Ընդգծել եմ, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի  դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։

Գոհունակությամբ արձանագրել ենք, որ հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում  Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված միջոցառումն ուրույն հարթակ հանդիսացավ մասնակից երկրների համար՝ կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսական զարգացման մոդելը քննարկելու և միասնական քայլեր ձեռնարկելու առումով»,- գրել է նա: