Էջմիածնում արդեն 3 օր է, ինչ գնդակահարում են ստերջացրած եւ չստերջացրած շներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը:

«Երեք օր է Էջմիածնում շներին գնդակահարում են` առավոտյան 04:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, արդեն մոտ 10 դի ենք տեսել, միայն մի շուն է ողջ մնացել, մեզ  մոտ է. փորձում ենք բուժել: Կրակել են անգամ նորածին ձագեր ունեցող շանը: Մարդիկ երկու մեքենա են տեսել` առանց համարների արծաթագույն Mercedes եւ երկնագույն «Վոլգա 24»»,- ասաց նա:

Մանուշակյանը հավելեց, որ կատարվածի վերաբերյալ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն դեռ արձագանք չկա:

«Ասեմ ավելին, չեմ ուզում քաղաքականացնել, բայց վստահ եմ, որ սա հենց այնպես չի արվում»,- հավելեց նա:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է  դեպքին եւ հույս հատնել, որ  կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ,

Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման շուրջ: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի ամեն ինչ բոլոր մեղավորներին բացահայտելու համար: Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»,- գրել է նա: