Ուկրաինայում սկսվել է խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը, հաղորդում է ՏՍՆ.ua-ն:

Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին եւ կաշխատեն մինչեւ 20:00-ն: Ընտրողները կկարողանան քվեարկել կուսակցական ցուցակի շրջանակում, որում ներկայացված են 22 քաղաքական ուժեր, ինչպես նաեւ մեծամասնական պատգամավորների թեկնածուների համար: Վերջինիս քվեարկությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք փոխել են քվեարկության վայրը: Այդ ընտրողների թիվը հասնում է 208 հազարի:

Ընտրությունները կանցկացվեն խառը համակարգի սկզբունքներով. խորհրդարանի կեսը կընտրվի կուսակցական ցուցակներով, իսկ մյուս մասը՝ մեծամասնական համակարգով: Կուսակցություններով քվեաթերթիկներում ներկայացված է 22 քաղաքական ուժ: Պատգամավորական պաշտոնի համար կպայքարի ավելի քան 5 հազար թեկնածու:

Գերագույն  Ռադայի արտահերթ ընտրություններն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատվիրել է ավելի քան 63 մլն քվեաթերթիկ շուրջ 31 մլն ընտրողների համար: Ի տարբերություն ընտրողների՝ քվեաթերթիկների թիվը կրկնակի ավել է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի կստանա երկու քվեաթերթիկ՝ մեկը կուսակցություն, մյուսը՝ մեծամասնական թեկնածու ընտրելու համար: