Միացյալ Նահանգները ցանկանում են համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ հատուկ նշանակության զորքերի միջեւ համագործակցության մասին բյուրոկրատիայից խուսափելու համար եւ մտադիր չէ երկրի տարածքում տեղակայել իր ռազմաբազան, հայտարարել է Շրի Լանկայում ԱՄՆ-ի դեսպան Էլեյնա Թեփլիցը, հաղորդում է Reuters-ը:

Այդ հայտարարությունը դեսպանն արել էր՝ նպատակ ունենալով ցրել երկու երկրների զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի (համաձայնագիրը հայտնի է նաեւ Արտագնա ուժերի մասին համաձայնագիր անունով) շուրջ ստեղծված անհանգստությունը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Շրի Լանկայի հետ այդ համաձայնագիրը կնքելու հեռանկարը քննադատել են տեղական ԶԼՄ-ներն ու մի խումբ քաղաքական գործիչներ, որոնք համարում են, որ համաձայնագիրը կվտանգի Շրի Լանկայի ինքնիշխանությունը:

«Արտագնա ուժերի մասին համաձայնագիրը գոյություն ունեցող համաձայնագրի թարմացված տարբերակն է եւ մշակված է մի շարք բյուրոկրատական խնդիրներ լուծելու նպատակով»,-նշել է ԱՄՆ-ի դեսպանը:

Որպես օրինակ՝ Թեփլիցը հիշեցրել է 2017 թվականի ջրհեղեղը, երբ Շրի Լանկան դիմել էր ԱՄՆ-ին օգնության համար, սակայն հումանիտար օգնություն մատակարարող ինքնաթիռները նախ պետք է ստանային կառավարության հաստատումը:

Այդ համաձայնագիրը կարող էր օգնել ԱՄՆ-ին պարզեցնել այդ ընթացակարգերը արտակարգ պատահարների դեպքում:

Շրի Լանկան տեղակայված է Հնդկական օվկիանոսի ամենաբանուկ ծովային ուղիներից մեկի տարածքում, եւ վերջին տարիներին կղզում նավահանգիստների եւ ավտոճանապարհների շինարարության ոլորտում հիմնական ներդրողն էր Չինաստանը: