Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–նշված է գրառման մեջ:

Մեկ այլ գրառմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ վաղ առավոտից շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը. «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։

Կենդանաբանության ինստիտուտի աշխատակցուհի Լյուբա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

«Օրեր առաջ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով եւ որի հետեւանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետեւ կոշտ շերտի ձեւավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ եւ Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչեւ Մասիս քաղաք եւ Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարեւանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ):

Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել եւ կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը եւ այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ:

Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետեւանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:

Ի դեպ այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս ԱՀԱԶԱՆԳ ՉԷ: Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան / ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում եւ անմիջական շփման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»,–գրել  է նա։