Ճապոնիայի Կիոտո քաղաքում կիրակի՝ հուլիսի 21-ին, որոշում է կայացվել ձերբակալել 41-ամյա տղամարդուն, որը կասկածվում է անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիան հրկիզելու մեջ, որի հետեւանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում է DW-ը:

Ոստիկանությունը մտադիր է կալանել նրան: Ծանր այրվածքների պատճառով ավելի վաղ նա տեղափոխվել էր Օսակայի հիվանդանոց: Հետաքննիչները սպասում են նրան հարցաքննելու հնարավորությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ դեռեւս չեն հաստատվել հրկիզողի ո′չ բնակության վայրը, ո′չ մասնագիտությունը:

Իսկ ճապոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանությունը հայտնաբերել է նրա վարորդական իրավունքը, որտեղ նշված է տղամարդու հասցեն: Լրագրողների տեղեկություններով՝ 2012 թվականին տղամարդը դատապարտվել էր գողության համար, սակայն այնուհետեւ ազատ արձակվել հոգեկան խանգարման պատճառով: Մինչ օր նա ապրում էր պետական նպաստի հաշվին:

Հրկիզման դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Հանցագործը բենզին էր լցրել KyotoAnimation ստուդիայում, այնուհետեւ հրկիզել այն՝ բղավելով «Մահացե′ք»: Կրակը մարվել է երեք ժամ անց: Հրկիզման պահին շենքում գտնվել է 70 մարդ: Զոհվել է 34 քաղաքացի. մեծամասնությունը շնչահեղձ է եղել: Եւս 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ հրկիզողը մեղադրել է ստուդիային, որ այն գողացել է սցենարի համար նրա գաղափարը: