Հուլիսի 16-ի գիշերը Ախալցխայում Ռաբաթի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են վաճառքի համար պատրաստված խաչեր, նկարներ եւ 200 լարի: Դեպքի առիթով հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է NOR.ge-ն:

«Հուլիսի 17-ին գալով եկեղեցի՝ ես հայտնաբերել եմ, որ նվիրատվությունների արկղը դատարկ է. գումարը գողացել էին եկեղեցական իրերի հետ մեկտեղ, որոնք վաճառքի էին հանված: Չեմ պատկերացնում՝ ով կարող էր դա անել, այդպիսի նախադեպ չի եղել: Ես զանգել եմ ոստիկանություն, նրանք ժամանել են, սակայն տեղյակ չեմ՝  ինչ-որ մեկին ձերբակալել են, թե ոչ»,-ասել է տեր Հակոբ Սահակյանը՝ Ախալցխայի եւ Բորժոմի համայնքի ղեկավարը:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննությունը 177 հոդվածի Ա եւ Բ կետերի հատկանիշներով,  որը ենթադրում է անօրինական ներխուժում եւ հափշտակում: ՆԳՆ-ում պնդում են, որ հանցագործին հայտնաբերել են, սակայն ներկայումս նա ձերբակալված չէ: