Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, որը գլխավորում է ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունը, կիրակի ժամանել է Անկարա, որտեղ հուլիսի 22-23-ին քննարկելու է թուրքական իշխանությունների հետ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ջեֆրին ժամանել է այսօր (կիրակի) Անկարա Թուրքիայի կառավարության հրավերով 2019 թվականի հուլիսի 22-23-ը կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար»,-նշված է փաստաթղթում: Դիվանագետը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի Սիրիայի իրավիճակի շուրջ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգության խնդիրների լուծումը, ՄԱԿ-ի ԱԽ-ի սիրիական հակամարտությունը կարգավորելու 2254 բանաձեւի իրականացումը, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Հուլիսի 12-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան եւ Վաշինգտոնը մտադիր են քննարկել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցը: Ընթացիկ տարվա հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հաստատել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու մտադրությունը: հանրապետության նախագահի խոսքով՝ Անկարան պատրաստ է ապահովել այդ տարածքում ցամաքային անվտանգությունը, իսկ ամերիկյան կողմը՝ անվտանգությունն օդային տարածքում: Ընդ որում՝ ինչպես նշել է ավելի ուշ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, բուֆերային գոտի ստեղծելու պարագայում դրա վերահսկողությունը կիրականացնի Թուրքիան:

Բուֆերային գոտի ստեղծելու շուրջ քննարկումները սկսվել են դեռեւս 2013 թվականին Սիրիայում ճգնաժամի հետեւանքով: Այդ ժամանակ դիտարկվում էր թռիչքներից ազատված գոտի եւ սիրիական տարածքում անվտանգության գոտի ստեղծելու տարբերակը, որտեղ կարող էին ապաստան գտնել փախստականները: Այդ գաղափարն Անկարան քննարկում է գրեթե յուրաքանչյուր տարի, սակայն ամեն անգամ մի շարք պատճառներով այդ ծրագրերը կյանքի չեն կոչվում: