Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որն առաջադրվել էր Դոնեցկի մարզի միամանդատ ընտրատեղամասում, նոր գումարման խորհրդարանում չի լինելու։

«Նադեժդա Սավչենկոն ընդամենը ութ ձայն է հավաքել»,- երկուշաբթի տեղեկացրել է Ուկրաինայի «Հանրային ՏՎ»-ն։

«Նադեժդա Սավչենկոյի հասարակական-քաղաքական պլատֆորմ» կուսակցության նախագահի տեղակալ Տատյանա Պրոտորչենկոն շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցել են Սավչենկոյին եւ կշտամբել մյուսներին։ «Դոնբասում այլ ընտրություն են կատարել։ Բոլորին ցանկանում են ստանալ այն, ինչ ընտրել են։ Ուկրաինացիները Դոնբասում առայժմ քիչ բան են հասկացել»,- գրել է նա Ֆեյսբուքում։

Այդ տեղամասում հաղթել է ինքառաջադրված թեկնածու Ալեքսանդր Կովալյովը։

Նադեժդա Սավչենկոն, որին զրկել էին պատգամավորական իմունիտետից ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով, առաջադրվել էր պատգամավորի թեկնածու 51-րդ տեղամասում, Զայցեւո ավանում։ Ավանը գտնվում է շփման գծից ոչ հեռու։

Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն Ուկրաինայում տեղի են ունեցել կիրակի։ Արձանագրությունների 44 տոկոսի ստուգումից հետո «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է 42,34 տոկոս, «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 12,79 տոկոս։ Երրորդ տեղում նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունն» է՝ 8,69 տոկոս, այնուհետեւ՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 8,08 տոկոս, հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը՝ 6,39 տոկոս։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակվելու են ԿԸՀ-ի կողմից մինչեւ օգոստոսի 5-ը ներառյալ։