Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադիլ ալ Ջուբեյրը միջազգային հանրությանը կոչ է արել զսպել Իրանին եւ անընդունելի է համարել բրիտանական Stena Impero լցանավի կալանումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իրանը պետք է իմանա, որ նրա գործողությունները, մասնավորապես բրիտանական լցանավի կալանումը, միանգամայն անընդունելի են։ Ծովային նավագնացության ազատության ցանկացած խախտում միջազգային իրավունքի ոտնահարում է»,- ասել է ալ-Ջուբեյրը Թվիթեր սոցցանցում։

Հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) ՌԾՈւ-ն Հորմուզի նեղուցում, Իրանի տարածքային ջրերում կալանել էր բրիտանական Stena Impero լցանավը եւ հետագայում ուղեկցել Բենդեր Աբաս նավահանգիստ։ Լցանավի անձնակազմը՝ 23 մարդուց բաղկացած, այդ թվում երեք ռուսաստանցի, նավի վրա է մնում, բայց նավի տերը չի կարողանում կապվել նրանց հետ։ Իրանական իշխանություններն ասել են, որ լցանավը խարիսխ է գցել նավահանգստում։

Միջադեպը իրանական իշխանությունների փաստացի պատասխանն է հուլիսի 4-ին Ջիբրալթարում իրանական լցանավի կալանմանը։ Grace 1 նավը կալանվել էր Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Հետաքննության շրջանակում ոստիկանությունը կալանել է կապիտանին, ավագ օգնականին եւ անձնակազմի երկու անդամի։ Դատարանը նրանց կալանքի ժամկետը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 15-ը։