Հայաստանը խաղաղասիրական պետություն է եւ խաղաղության հիմնական երախիքը մեր զինված ուժերն է, մեր բանակը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ վարչական համալիրում, Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ դիմելով ներկաներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր է այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի, որ դրա հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի եւ զինված ուժերի անվերապահ հաղթանակը:

Մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք: Մեզնից յուրաքանչյուրը առաջնագծից մինչեւ ԱԺ եւ կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը: Մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր նախկիների, մեր սերունդների մեր ուսերին դրած ուսադիրները:

Կեցցենք, որ փառքով ենք կրում եւ փառքով ենք կրելու այդ ուսադիրները: Եվ ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի զինված ուժերը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը, փառք մեր նահատակներին, մեր սպաներին ու զինվորներին, մեր սերունդներին, որ կրելու են մեր հաղթանակների պատիվը, որ բազմապատկելու են մեր հաղթանակները:

Փառք ձեզ բոլորիդ եւ փառապանծ ծառայություն»: