Հանրապետության գյուղական համայնքներում շարունակվում են մոտ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Շիրակի մարզի Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որ միմյանց է կապում Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն համայնքները՝ դրանք միացնելով միջպետական Մ1 և հանրապետական Հ83 ճանապարհներին, շահագործվել է 1980-ականներին, որից հետո չի վերանորոգվել։

Ամբողջովին քայքայված ճանապարհով երթևեկը դարձել էր անհնար։ Այս տարի նշված ճանապարհահատվածի վերականգնումն ընդգրկվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում։

Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Հանրապետության այլ տեղամասերում նույնպես շարունակվում են կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 մոտ 6.1 կմ հատվածում ներկայում ընթանում են մայթերի կառուցման (15x30 սմ տիպի բազալտե եզրաքարերի տեղադրում, բետոնե եզրաշարերի կառուցում, մայթերի ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում), ջրահեռացման համակարգի ջրթող խողովակների տեղադրման և ճանապարհային բազմաշերտ պատվածքի հիմքի կառուցման՝ տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման (recycling) աշխատանքներ:

Նշենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքների պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։