Թուրքիան կարող է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին Ս-400-ների գնման պատճառով, այդ թվում «Ինջիրլիք» ավիաբազայի առումով, որտեղ տեղակայված է ամերիկյան ՌՕՈւ-ն, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԱՄՆ-ը ավելի վաղ հայտարարել էր Թուրքիային F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին երկիր ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի մատակարարումն սկսելուց հետո։ Անկարայի մասնակցությունը ծրագրին վերջնականապես կփակվի մինչեւ 2020 թվականի մարտ։

«Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի, մենք անհրաժեշտ պատասխան կտանք։ Գուցե քայլ արվի նաեւ «Ինջիրլիք» ավիակայանի հանդեպ։ Սա սպառնալիք չէ եւ ոչ էլ շանտաժ, այլ բնական դիրքորոշում այս պայմաններում»,- ասել է Չավուշօղլուն TGRT հեռուստաալիքի եթերում։

«Թուրքիան լրջորեն է վերաբերվում սպառազինությունների սեփական արտադրությանը։ Մենք ցանկանում ենք արտադրել սեփական կործանիչներ։ Բայց F-35-ները նոր տեխնոլոգիաներ են, ուստի մենք դարձել ենք ծրագրի գործընկերը, ներդրել 1,4 մլրդ դոլար։ Բայց ամեն բան վատ սցենարով կընթանա, եւ մեզ դրանք չեն տա, ուրեմն՝ Թուրքիայի ամենաբնական իրավունքն է՝ իր դեֆիցիտը ծածկել այնպես, ինչպես արել ենք՝ գնելով Ս-400-ներ։ Մենք կգործենք բացառապես մեր շահերից ելնելով եւ կորոնենք այլընտրանքներ»,- ավելացրել է թուրք նախարարը։