Գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, որոնցում ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը  ԱՄՆ նախագահի վարչակազմը բնորոշել է որպես «անիրազեկ», տեղի է ունեցել 19-ամյա բրիտանացի լրագրող Սթիվեն Էդգինթոնի օժանդակությամբ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը, որին Դոնալդ Թրամփը անվանել է «բութ» եւ «խելապակաս», հրաժարական է տվել։ Դիվանագետը հայտնվել է սկանդալի կենտրոնում ԱՄՆ նախագահի հասցեին արված քննադատության պատճառով։ Անախորժ արտահայտություններ պարունակող գաղտնի նամակները, որոնք դեսպանն ուղարկել է Լոնդոն, հայտնվել են մամուլում։ Թրամփը կտրականապես հրաժարվել է աշխատել բրիտանացի դիվանագետի հետ։

Էդգինթոնի խոսքով՝ նա իրեն համարում է գաղտնի տեղեկությունների աղբյուրը։ Հրապարակումը «ազնիվ լրագրողական աշխատանքի» արդյունք է եւ կապված չէ որեւէ դավադրության հետ։ 19-ամյա լրագրողը սկզբում զբաղվել է հետազոտելով, թե ինչպես է քաղաքացիական ծառայությունը պատրաստվում Brexit-ին։ Աշխատանքի ընթացքում նա նաեւ հետաքրքրվել է նրանով, թե ինչ են կառավարական պաշտոնյաներն իրականում մտածում Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին։ Աշխատանքի ընթացքում աղբյուրներից մեկը Էդգինթոնին կարդացել է Դերոքի նամակը Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Մարկ Սեդվիլին՝ Թրամփի աշխատակազմի մասին աննպաստ արձագանքով։ Երիտասարդը աշխատում էր նյութի վրա լրագրող Իզաբել Օուքշոթի հետ։ Գիտակցելով նյութի ոչ միանշանակ լինելը՝ նրանք որոշել են չնշել Էդգինթոնի անունը՝ որպես հեղինակի։ Շուտով նրա անձի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել երկրի անվտանգության ծառայությունները, իբր նրան հետեւում էին։

Էդգինթոնը նշել է, որ չգիտի՝ կձերբակալե՞ն արդյոք իրեն, բայց չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրի անունը ոչ մի դեպքում։