«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, սակայն որեւէ լուծման տարբերակ չեն ստացել։ Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։

«Հիմնադրամը լուծարեցին, հավանաբար, ունեին բավարար հիմքեր, բայց դրանից հետո պետք էր շատ արագ կազմակերպել՝ դրա փոխարինումը մեկ այլ խողովակով։ Այս 1 տարվա ընթացքում գիտությանը շատ մեծ հարված են հասցրել, դա մտահոգիչ է։ Այդ խողովակը պետք է շտապ գործարկել»,- ասաց Ազիզբեկյանը։

Նա պատմեց, որ տարբեր բաժինների երիտասարդ գիտնականներից կազմվում էր խումբ, եւ իրենց կողմից թափանցիկ կերպով ներկայացվում էր, թե ստացված գումարը՝ որտեղ եւ ինչպես է ծախսվում։ Նրա խոսքով՝ մինչեւ վերջին 1 տարին, բավականին մեծ համբավ է ձեռք բերել ծրագիրը. «Հիմա երիտասարդները գալիս են, հետարքրքվում են, դիմում են ինձ՝ արդյոք ես ունեմ տեղեկություն, թե ինչո՞ւ չի աշխատում ծրագիրը, կամ ե՞րբ կսկսի աշխատել։ Այս 1 տարում դա շատ մեծ հարված եղավ երիտասարդությանը։ Կար մի բան, որ ստաբիլ էր, որին վստահում էին, բայց չգիտես՝ ինչու, անհասկանալի պատճառներով, դա սկսեց չաշխատել, քանի որ այդ ֆինանսավորումը ուղղվում էր ինչ-որ հիմնադրամի կողմից»։

Գիտնական Սուսաննա Գեւորգյանն էլ պատմեց, որ այդ ծրագիրը հնարավորություն էր տալիս երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսում էր ազդեցության գործակցող հոդվածների տպագրությանը, սարքերի, նյութերի ձեռք բերման հնարավորություն էր տալիս. «Այս տարի ես հնարավորություն ունեցա դասընթացի մասնակցելու արտերկրում, մասնակի ֆինանսավորում էի ստացել, հետեւաբար, մյուս մասը կարող էի դիմել ԵԳԱԾ-ին, որպեսզի ստանամ մյուս մասի աջակցությունը, բայց քանի որ ծրագիրը չէր գործում, հնարավորություն չունեցա։ Որոշեցի բարձրաձայնել խնդիրը, գուցե ինչ-որ լուծում ստանար, իմ նման էլի գիտնականներ կային, որոնք նման հրավերներ էին ստացել։ Քննարկումներ անցկացրինք «Գիտական համայնք» խմբում, եւ որոշեցինք դիմել նախարար Արայիկ Հարությունյանին։ Ուղարկեցինք մեր նամակը, իրականացրինք նաեւ ստորագրահավաք, որին մասնակցեցին ավելի քան 200 գիտնական։ Մեզ պաշտոնական նամակով պատասխանեցին, որ բարձրաձայնված հարցը քննարկման փուլում է, սակայն մինչեւ օրս ոչ մի լուծում չի տրվել»։

Սուսաննա Գեւորգյանի խոսքը շարունակեց անդամներից Աստղիկ Զորյանը՝ պատմելով, որ անդամները հանդիպում են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ. «Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ փուլում է այդ հարցը, մեզ ասացին, որ սպասենք, քանի որ ՀԵՀ-ի հետ կապված խնդիրներ կան։ Եթե առաջ ունեին հնարավորություն մասնագիտական իրենց կոնֆերանսներին մասնակցելու, որոնք, ի դեպ՝ հնավորություն են տալիս կապեր ձեռք բերել արտերկրի գործընկերների հետ, հիմա 1 տարի է, որ գիտնականները զրկված են այդ հնարավորությունից»։

Աստղիկ Զորյանն ասաց, որ ԵԳԱԾ-ի ղեկավար մարմինը բացառապես կամավորական գործունեություն է ունեցել, եւ հիմա իրենց միակ ֆինանսավորման աղբյուրը մնացել է Գիտության պետական կոմիտեն. «Հիմա մենք հնարավորություն չունենք մասնակցելու մրցույթների, իմանալ հաղթողներին, քանի որ չկա ֆինանսավորում։ Ամբողջությամբ պարալիզացված ենք»։