Վենետիկում գերմանացի զբոսաշրջիկներին սուրճ եփելու համար տուգանել են 950 եվրոյով: Պատճառն այն է, որ նրանք սուրճ են եփել ամենաայցելվող տեսարժան վայրերից մեկում՝ Ռիալտոյի կամրջի աստիճանների վրա, հաղորդում է Tourprom-ը:

BBC-ի տեղեկություններով՝ աստիճանների վրա սուրճ եփող զբոսաշրջիկների մասին ոստիկանությանը հայտնել են անցորդները: Արդյունքում նրանք ստիպված են եղել մոտ 1000 եվրո վճարել, ինչպես նաեւ լքել Վենետիկը:

«Անհրաժեշտ է հարգել Վենետիկը, այդ անդաստիարակ մարդիկ պետք է հասկանան դա: Մեր ոստիկանության շնորհիվ նրանք պատժվել են»,- իրավիճակը մեկնաբանել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն: 

Նշենք, որ Վենետիկում զբոսաշրջիկների համար բավականին շատ տուգանքներ կան: Օրինակ՝ 200-450 եվրո՝ Վենետիկում հասարակական կարգը խախտելու համար:

Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքապետի առաջարկին, որի համաձայն՝ զբոսաշրջիկների համար տուգանքները կտրուկ աճում են:

Իսկ օրենքի մշակման համար «վերջին կաթիլը» եղել է արգենտինացի զբոսաշրջիկների պահվածքը, որոնք լողացել են Մեծ ջրանցքում՝ թռչելով Կալատրավա կամրջից: Ինչպես նաեւ տուգանվում են պատերին գրաֆֆիտի անող զբոսաշրջիկները:

Ամենախոշոր՝ 450 եվրոյի չափով տուգանքը նախատեսված է վենետիկյան ջրանցքներում լողանալու համար: Կտուգանվեն ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ տեղաբնակները, սակայն քաղաքի ղեկավարությունը չի թաքցնում, որ հիմնական «թիրախային լսարանը» զբոսաշրջիկներն են: