Եվրոպային դժոխային տապի երկրորդ ալիք է սպասվում` պատմության մեջ ամենաշոգ հունիսից մի քանի շաբաթ անց, հաղորդում է Bloomberg-ը:

Պիրենեյան թերակղզուց տաք օդային հոսանքը ներթափանցել է Մեծ Բրիտանիա, Բելգիա եւ Նիդերլանդներ, ինչի արդյունքում ջերմաստիճանը բարձրացել է միջինից 10 աստիճանով: Լոնդոնում եւ Փարիզում այդ շաբաթ արդեն ռեկորդներ են սահմանվել: Ֆրանսիան, Իսպանիան եւ Գերմանիան հանդես են եկել հրդեհների մասին նախազգուշացմամբ:

Մեծ Բրիտանիայի մետեորոլոգիական բյուրոյի տվյալների համաձայն՝ Լոնդոնի համար հուլիսյան ռեկորդը՝ 36,7 աստիճանը, հավանաբար, կսահմանվի հինգշաբթի: Այդ օրը Ֆրանսիայում մինչեւ 42 աստիճան կլինի:

Պորտուգալիայում մոտ 800 հրշեջներ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ: Իտալիայում տուրիստական սեզոնի պիկի շրջանում երկիրը բախվել է հյուսիսում բարձր խոնավության հետ:  

Կոպերնիկի կլիմայական փոփոխությունների ծառայության տվյալներով՝ հունիսյան ջերմաստիճանները Եվրոպայում գերազանցել են նորման միջինում 2 աստիճանով: