Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել       Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:

Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում  հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվեց այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը: