ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելությունների թռիչքների առաջին ղեկավար Քրիս Քրաֆթը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ՆԱՍԱ-ի առաջին ղեկավարներից մեկի՝ Քրիս Քրաֆթի մահով Ամերիկան կորցրեց ազգային արժեքներից մեկը։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Քրաֆթի ընտանիքին»,- ասվում է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Քրիսը թիմի առանցքային անդամներից էր, որն օգնել է մեր ազգին մարդ ուղարկել տիեզերք ու Լուսին, նրա ավանդը անհնար է գերագնահատել»,- նշվում է հայտարարությունում։ «Քրիսը թռիչքների ղեկավարն էր տիեզերքի նվաճման պատմության ամենանշանակալի ժամանակներում, երբ մարդիկ առաջին անգամ դուրս եկան Երկրի ուղեծիր եւ տիեզերանավի սահմաններից դուրս»։

«Ավելի խորանալով մեր Արեգակնային համակարգի լայնություններում՝ մենք կանգնած ենք նրա ուսերին, եւ նա միշտ մեզ հետ կլինի մեր ճանապարհորդություններում»,- ավելացնում է Բրայդենսթայնը։

Նշվում է, որ իր աշխատանքի համար Քրաֆթը պարգեւատրվել է ՆԱՍԱ-ի «Ականավոր առաջնորդության համար» մեդալով։ Ավելի ուշ նա ղեկավարել է ՆԱՍԱ-ի Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը։