Մեքենան անզգույշ վարելու պատճառով երիտասարդ ավստրալացին ձերբակալվել է եւ մեղադրվում է արգելված թմրանյութեր տարածելու մեջ։ Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը, երկուշաբթի առավոտյան ֆուրգոնի վարորդը, որի մեջ թմրանյութերի մեծ քանակություն կար, մեծ արագությամբ բախվել է պարեկային մեքենային, որը կայանել էր ոստիկանական տեղամասի մոտ Սիդնեյի արվարձանում, Իսթվուդ շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չարագործին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, բայց արդեն մեկ ժամ անց նա կալանվել է։ Ֆուրգոնի խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 270 կգ մետամֆետամին՝ թաքցված մեքենայի թափքում։ Ավստրալական ոստիկանության գնահատականներով՝ տեղի սեւ շուկայում այդ խմբաքանակի արժեքը կարող է կազմել 140 մլն դոլար։

Ձերբակալված 28-ամյա սիդնեյցուն ներկայացվել է մեղադրանք թմրանյութերի ապօրինի տարածման եւ մեքենայի անզգույշ վարման համար։ Առաջին դատավարությունն այս գործով նշանակված է առաջիկա օրերին։