Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Շթեյն Ֆրեդերիկը հորինել է ամենակարճ IQ-թեստը՝ կազմված ընդամենը երեք հարցից, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով բրիտանական Mirror պարբերականին։

Նշվում է, որ թեստը ստեղծվել է դեռեւս 2005 թվականին որպես կոգնիտիվ կարողությունների թեստ, բայց ինտերնետում այն հրապարակել են այժմ։

Նոր թեստում տեղ են գտել հետեւյալ հարցերը.

1. Թենիսի գնդաթին եւ գնդակը միասին արժեն 1,10 դոլար։ Գնդաթին գնդակից թանկ է մեկ դոլարով։ Ի՞նչ արժե գնդակը։

2. Տեքստիլ ֆաբրիկայի հինգ մեքենաները մեկ րոպեում արտադրում են հինգ իր։ Քանի՞ րոպեում 100 մեքենան կարտադրի 100 իր։

3. Լճում աճում են զջրաշուշաններ։ Ամեն օր դրանց քանակն ավելանում է երկու անգամ։ Հայտնի է, որ ջրաշուշանները ամբողջությամբ կփակեն լճի մակերեսը 48 օրում։ Քանի՞ օր է անհրաժեշտ, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի կեսը։

Գիտնականը նաեւ փորձ է անցկացրել տարբեր ոլորտների եւ կրթության տարբեր մակարդակ ունեցող երեք հազար մարդու շրջանում, որի արդյունքում ճիշտ պատասխաններ կարողացել է տալ միայն մասնակիցների 17 տոկոսը։

Պրոֆեսորը նշում է, որ թեստը միայն առաջին հայացքից է հեշտ թվում, այն հեշտ է հասկանալ, եթե բացատրես, բայց ճիշտ լուծման համար գլխավորը առաջին պահին գլխումդ ծագած պատասխանից հրաժարվելն է։

Թեստի առավել տարածված պատասխաններն են 10 սենթը, 100 րոպեն եւ 24 օրը, բայց դրանք ճիշտ չեն։ Իրականում ճիշտ պատասխաններն են հինգ սենթը, հինգ րոպեն եւ 47 օրը։