Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը եւ պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) եւ ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչեւ չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։

Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում։

Մասնավորապես, ԺԲԹ ստանալու իրավունք առանց քվեի առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք.

  • ծնվել են Ռուսաստանի տարածքում,
  • Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են եւ ունեն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
  • վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության եւ իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ պետությունների հետ։

ԺԿԹ ձեւակերպելու իրավունք՝ առանց նախնական ԺԲԹ ստանալու, ցանկանում են տալ մի շարք օտարերկրացիների, որոնց թվում են.

  • ՌԽՖՍՀ-ում ծնված եւ նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները,
  • Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն բնակության իրավունք,
  • քաղաքացիները, որոնց ծնողները կամ երեխաներն ունեն ՌԴ քաղաքացիություն եւ մշտապես ապրում են այստեղ,
  • Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետներ աշխատող օտարերկրացիները,
  • երկրի տարածքում ապրող անձինք, որոնց ՌԴ քաղաքացիությունն ընդհատվել է (բացի ՌԴ Քր.օր. ծանր հանցագործությունների հոդվածներով, առաջին հերթին ահաբեկչության համար դատապարտվածները),
  • ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտած օտարերկրացիները։

Քանի որ բնակության իրավունքը կդառնա անժամկետ, կառավարությունը առաջարկում է բարձրացնել դրա հանձնման պետական տուրքի չափը՝ 3,5 հազար ռուբլուց դարձնելով 5 հազար ռուբլի։