Հայաստանը եւ Ռումինիան բազմաթիվ նմանություններ ունեն։ Այս մասին «Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ հուլիսի 23-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ այդ նմանությունները պայմանավորված են նրանով, որ ե՛ւ Ռումինիան, ե՛ւ Հայաստանը պատմական կտրվածքով գտնվել են միանման քաղաքական պայմաններում, ինչպես նաեւ անցել են բարդ ճանապարհ արդեն ներկայում։ «Օսմանյան կայսրության կազմում գտնվելը, կոմունիստական անցյալը, Ռումինիայում Չաուշեսկուի եւ ԽՍՀՄ-ում (հետեւաբար՝ նաեւ Հայաստանում) Ստալինի կառավարման նման ռեժիմները։ Համագործակցության գլխավոր հիմքերից կարող են ծառայել նաեւ մշակութային կապերը»,- նշել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ քաղաքական տարանցումը եւ քաղաքական փոխակերպումը թե՛ Հայաստանում, թե՛ Ռումինիայում, որի մասին շատ են խոսում, մի ինչ-որ եզակի բան չէ, քանի որ գործընթացները տեղի են ունենում այդ թվում եւ Արեւմուտքում, դրա համար դա չի կարող խոչընդոտ դառնալ ինչպես պետության, այնպես էլ միջպետական հարաբերությունների զարգացման համար։