Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով  ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հանձնաժոովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Դատավորը տեղեկացրեց, որ հանձնաժովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին։

Այս գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով հանձնաժողովը դիմել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատավորը պատրաստվում է պատասխան գրություն ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին և «Նաիրի» ԲԿ–ին , որպեսզի նրանք ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը հիվանդանոց և Գրիգորյանի նկատմամբ հետազոտությունների իրականացումը։

Այսպիսով դատարանը որոշում կայացրեց փորձագետներին հրավիրել դատարան և քննարկել նրանց բացարկ հայտնելու հարցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը՝ փորձաքննության կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։