Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման եւ համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները եւ տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները եւ նախագծերը, ինչպես նաեւ մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները:

Քննարկվել են նաեւ նաեւ երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։