Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զննել են Լերմոնտովի 1-ին նրբանցքի բնակիչ, 63-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է մշակումն արգելված, թմրամիջոց պարունակող կանեփի հինգ բույս, իսկ տան հետնամասում հայտնաբերվել են ալյումինե եւ ապակյա տարաներ, որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով մոտ 23 գրամ կանեփանման զանգված:

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է աճեցրել իր համար, չորացված զանգվածը նույնպես իրենն են, պատրաստել է իր աճեցրած բույսերից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: